ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հեքիաթ մղձավանջերով

Հեքիաթ մղձավանջերով
16.05.2024 | 09:45

Իմ Հայաստանը էլ չի՛ այրվելու

Վշտի անպատրույգ կրակարանում –

Անծագում ու բիրտ, անդեմ, անանուն

Ավազակներին չի հարմարվելու։

Իմ Հայաստանը չի՛ կործանվելու,

Որ կրկին մոխրից հարություն առնի,

Նրա արյան մեջ պիտի սավառնի

Լույսն՝ առանց ցավի ու խցանվելու։

Էլ այսուհետև նա չի՛ ծնելու

Զավակներ գաճաճ, պիղծ ու տմարդի,

Որոնց քծնությամբ իր մեջքը ջարդի –

Իր հերոսներին չի՛ կործանելու։

Չի՛ հավատալու շողոմ բառերին,

Խոսքերին պատիր, մտքերին տարտամ,

Խոստումների մեղք կրքին անատամ,

Ապավինելով լոկ իր քարերին։

Իմ Հայաստանը անտեր ու անթագ

Չի՛ դողդողալու՝ հողմերին գերի,

Չի՛ հանգցնելու հուրը երգերի

Եվ չի՛ թաղվելու սառույցների տակ։

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ

1987թ.

Դիտվել է՝ 4799

Մեկնաբանություններ